«Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում Երևանն ակնկալում է Թբիլիսիի աջակցությունը

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի (ԱԺ) մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ասել է` Հայաստանը «Սևծովյան մալուխ» նախագծին միանալու հարցում ակնկալում է Վրաստանի աջակցությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարարը ներկայացրել է Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագրի քաղաքական և տնտեսական բաղադրիչը։ Կոստանյանը տնտեսական առումով կարևորել է Վրաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ նրա՝ Հայաստանը և Վրաստանը միասին պետք է աշխատեն տարածաշրջանային ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերի իրականացման համար։

«Մեզ համար շատ կարևոր է «Սևծովյան մալուխ» նախագիծը, որտեղ Վրաստանը ներգրավված է և կարևորագույն դեր ունի այս նախագծում։ Եվ մենք ակնկալում ենք նաև մեր վրացի գործընկերների աջակցությունը, որպեսզի Հայաստանը մաս դառնա այս նախագծին։ Նախագծին տեխնիկապես մաս դառնալու համար կան որոշակի տնային աշխատանքներ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա՝ էներգետիկ ենթակառուցվածքների թարմացման և բարելավման համար։

Այս առումով համապատասխան հանձնարարականներ տրված են, և աշխատանքներ են տարվում»,- ասել է Կոստանյանը։

ԱԳ փոխնախարարի խոսքով, Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու ուղղությամբ առնվազն երկու-երեք տարի բավականին ինտենսիվ աշխատանքներ են կատարվել:

Սևծովյան ստորջրյա մալուխը` Եվրոպայի հետ կապի հաստատման նոր միջոց