Սև օր է վրացական ժողովրդավարության համար. սենատորներ

Ամերիկացի 11 սենատոր դատապարտել են «գործակալների մասին օրենքի» ընդունումը՝  ընդգծելով, որ «ռուսական» օրինագիծը լրջորեն կսահմանափակի խոսքի ազատությունը և ժողովրդավարական պատասխանատվությունը Վրաստանում։

«Սև օր է վրացական ժողովրդավարության համար»,- գրել են սենատորները համատեղ հայտարարության մեջ՝ «ծայրահեղ հիասթափություն» հայտնելով օրենքի ընդունման կապակցությամբ։

Նրանց խոսքով, քվեարկությունն անցկացվել է հարյուր հազարավոր վրացիների ցանկության դեմ, ովքեր շարունակում են խաղաղ կերպով բողոքել օրենքի դեմ: Սենատորների կարծիքով, օրենքը ոչ միայն կօգտագործվի խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այլև կխոչընդոտի Վրաստանում ժողովրդավարության առաջընթացին:

«Օրենքի ընդունումը հիմնովին կփոխի Վրաստանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, կվնասի Եվրամիությանն անդամակցելու նրա ձգտումներին»,- համոզված են սենատորները։

Նրանք հիշեցրել են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ուղարկված նախազգուշական նամակն այն մասին, որ «գործակալների մասին օրենքի» ընդունումից հետո Կոնգրեսը կարող է քննարկել Վրաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունը փոխելու հարցը՝ «Վրաստանի նոր քաղաքական լանդշաֆտն արտացոլելու համար»։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Գործակալների մասին օրենքը», որին աջակցել է 84 պատգամավոր։

Օրենքի դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում Վրաստանում արդեն մոտ մեկ ամիս. միջազգային գործընկերները զգուշացրել են Վրաստանի իշխանություններին, որ այս օրենքի ընդունումը և երկրի եվրաինտեգրումն անհամատեղելի են։

Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը