Սև երկուշաբթի Վրաստանում. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում արձագանքել է չլեգիտիմացված խորհրդարանի առաջին նիստին, այնտեղ ոստիկանական խմբերի և հատուկջոկատայինների կուտակմանը:

«Սև երկուշաբթի Վրաստանում. ոստիկանությունը և հատուկ ջոկատայինները հսկում են դռները, որոնց հետևում «Վրացական երազանքի ստրուկները» սպանում են մեր Սահմանադրությունը և ծաղրում մեր խորհրդարանը»,- խորհրդարանի մոտ ընթացող ցույցի տեսանյութին կից գրել է Զուրաբիշվիլին։

11-րդ գումարման չլեգիտիմացված խորհրդարանն իր առաջին նիստը գումարեց այս խորհրդարանի կասկածելի օրինականության և բողոքի ցույցերի ֆոնին։ Հոկտեմբերի 26-ի ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և քաղհասարակությունն ընտրությունները համարում են կեղծված, իսկ խորհրդարանը՝ ոչ լեգիտիմ։

Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել այս խորհրդարանի լեգիտիմության դեմ: Զուրաբիշվիլին բողոքում է սահմանադրական երկու իրավունքների՝ քվեարկության գաղտնիության և ընտրությունների համընդհանուրության խախտման համար։ 30 պատգամավոր դիմել է ՍԴ՝ հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու համար։

Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն ​​քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում

Նոյեմբերի 25-ի բողոքի ցույցի մասնակիցներն այս խորհրդարանը համարում են ոչ լեգիտիմ ու ինքնահռչակ։

11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին չեն մասնակցում դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչները. նրանք չեն հրավիրվել։ Լրատվամիջոցների հասանելիությունը նույնպես սահմանափակ է: