Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանի եվրոպական ճանապարհին շոշափելի արդյունքները «Վրացական երազանք» կուսակցության շնորհիվ են գրանցվել։ Այդ մասին վարչապետը խոսել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի հետ։
«Եվրոպական ճանապարհին բոլոր շոշափելի արդյունքները մեր՝ իշխող կուսակցության պատիվն է, դա ասոցացման, ազատ առևտրի, առանց վիզայի ռեժիմի և այժմ եվրոպական հեռանկարի մասին համաձայնագիրն էր, որին նախորդել էր շատ քրտնաջան աշխատանք, որ մեր թիմն արել է վերջին 10 տարում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետը վերահաստատել է, որ Վրաստանը հավատարիմ է եվրոպական ընտրությանը, և սերունդների երազանքն է, որ երկիրը դառնա եվրոպական ընտանիքի արժանի և լիարժեք անդամ։
«Ուզում եմ հիշեցնել ձեզ, հարգելի ընկերներ, որ մինչև 2012 թվականը մենք ապրում էինք գործնականում բռնատիրական, ավտոկրատական ռեժիմի պայմաններում, որտեղ ժողովրդավարության նշույլ չկար՝ ո՛չ ազատ լրատվամիջոցներ, ո՛չ ազատ դատարան, մենք այս ամենը շտկել ենք և շատ կարճ ժամանակում շոշափելի արդյունքներ ենք գրանցել»,- ասել է նա։
Վարչապետը խոսել է նաև Եվրամիության 12 առաջարկի մասին, նշել է, որ դրանց ուղղությամբ աշխատանքը շուտով կավարտվի։ Եվրահանձնակատարին նա ասել է, որ ընդդիմությունը ներգրավված չէ այս գործընթացում։