Սենատորներն անդրադարձել են Սաակաշվիլիի և Գվարամիայի բանտարկությանը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ամերիկացի սենատորներ Ժան Շահինը և Դիկ Դուրբինը լրատվամիջոցների հետ հրավիրած ասուլիսում խոսել են Վրաստանի ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության անազատության մեջ գտնվող հիմնադիր Նիկա Գվարամիայի և Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի մասին։

Շահինն ասել է, որ Վրաստանը եթե ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ, ապա պետք է արձագանքի այդ մարտահրավերին։ Ըստ նրա` լրատվամիջոցների ազատությունն ու մարդու իրավունքները առանցքային խնդիրներ են գործող ժողովրդավարության համար, և դա ներառված է Եվրամիության առաջարկություններում։

Սենատորի խոսքով՝ լրագրողները պետք է հնարավորություն ունենան ինքնուրույն իրականացնելու իրենց գործունեությունը, իսկ Սաակաշվիլիի առնչությամբ էլ ընդգծել է, որ ցանկացած մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն:

Դուրբինը նույնպես, անդրադառնալով Սաակաշվիլիի խնդրին, ասել է, որ ինքը բժշկական փորձագետ չէ, թեև Սաակաշվիլիի առողջական վիճակին ուշադիր հետևում է և տեղյակ է, որ երրորդ նախագահի վիճակն օրեցօր վատանում է։

«Կոչ եմ անում բոլորի նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել, պաշտպանել նրանց իրավունքները։ Ինչպես ցանկացած այլ բանտարկյալի, նրան նույնպես պետք է պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերվի»,- ասել է Դուրբինը։