Սենատորն ապագա պետքարտուղարի հետ խոսել է Վրաստանի վերաբերյալ

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության քաղաքականությունը քննադատող ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, դեմոկրատ սենատոր Ջին Շահինը հանդիպել է հանրապետական սենատոր, նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի կառավարության պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոյի հետ։

Սենատոր Շահինի խոսքով՝ նրանք քննարկել են գլոբալ մարտահրավերները, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելը և Չինաստանի վնասակար ազդեցության դեմ պայքարը։ Ըստ Շահինի՝ քննարկվել է նաև Վրաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ներկայիս քաղաքականության պահպանման կարևորությունը։

Նշենք, որ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը։

Պետդեպարտամենտը որոշումը հրապարակեց նոյեմբերի 30-ին այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին «Վրացական երազանք»-ի կառավարությունը որոշեց մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չբերել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների սկսելու հարցը։