Ամերիկացի սենատոր Ջին Շահինը 2025 թվականի ԱՄՆ պաշտպանական բյուջեի նախագծում «Վրաց ժողովրդի ակտը» (նույն՝ MEGOBARI Act-հեղ.) ներառելու նախաձեռնությամբ է հանդես եկել։ Տեղեկությունը օրեր առաջ հրապարակվել է Կոնգրեսի կայքում։
Շահինը խնդրում է 2025 թվականի պաշտպանության բյուջեի նախագծում ավելացնել G հոդվածը՝ «Վրաց ժողովրդի ակտի» մասին, որը ենթադրում է աջակցություն Վրաստանում ժողովրդավարությանը և օրենքի գերակայությանը։
«Վրաց ժողովրդի ակտը» ներառում է երկու հիմնական մաս.
- Պատժամիջոցները պետք է կիրառվեն այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են Վրաստանի կայունությունը, ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը խաթարելու համար։ Նաև՝ այն վրացի անձանց, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար:
- Ընդգծում է ԱՄՆ Սենատի հանձնառությունը՝ աջակցելու Վրաստանի քաղաքացիական հասարակությանը վերջին զարգացումների լույսի ներքո։
Ի դեպ, չնայած միջազգային գործընկերների կոչերին, մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարել է «գործակալների մասին» օրենքի վրա դրված նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն։ Սույն օրենքը օտարերկրյա ազդեցության շահերի կրողներ է հռչակում բոլոր այն հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում երկրի ռազմավարական գործընկերներից։ Հենց այս օրենքի ընդունման համատեքստում էր, որ երկրի գործընկերները սկսեցին խոսել Վրաստանի իշխող կուսակցության անդամների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։