
ԱՄՆ Սենատի դեմոկրատ անդամ և Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Ջին Շահինը «Վրացական երազանք»-ի օրենսդրական փոփոխությունը, որը պահանջում է կառավարության հավանությունը դրամաշնորհներ ստանալու համար, համարել է ևս մեկ քայլ նահանջ ժողովրդավարությունից:
Շահինը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Վրացական երազանք»-ի կողմից հասարակական կազմակերպությունների (ՀԿ) գործունեությունը ճնշելու մեկ այլ օրինագծի հապճեպ ընդունումը հերթական նահանջն է վրաց ժողովրդի ընտրած ժողովրդավարական ապագայից։
Սենատոր Շահինը նշել է, որ քաղաքական առաջնորդները չպետք է վախենան վրաց ժողովրդից և կարևորել է Վրաստանի քաղաքացիական հասարակության լիակատար անկախությունը։
Ապրիլի 16-ին «Վրացական երազանք»-ի խորհրդարանը արագացված կարգով ընդունել է «Դրամաշնորհների մասին» օրենքում փոփոխությունները։ Ըստ այդ փոփոխությունների` դրամաշնորհ տրամադրելու համար անհրաժեշտ կլինի կառավարության կամ կառավարության նշանակած լիազորված անձի/մարմնի հավանությունը։ Չլիազորված դրամաշնորհ ստացող կազմակերպությունը կպատժվի:
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը ապրիլի 16-ին ասել է, որ օրենքը ավելի է նեղացնում քաղաքացիական տարածքը վերջին ռեպրեսիվ օրենսդրության հետևանքով, որը խաթարում է Վրաստանի թեկնածուի կարգավիճակը և հիմնական ժողովրդավարական սկզբունքները: Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը «խոր մտահոգություն» է հայտնել Վրաստանի «Դրամաշնորհների մասին օրենքի» փոփոխությունների վերաբերյալ և դրանք որակել «Եվրամիության արժեքներից և չափանիշներից ևս մեկ հետքայլ»։
«Վրացական երազանք»-ի կառավարությունից անկախ վրացական հասարակական և լրատվական կազմակերպությունների մեծամասնությունը տարիներ շարունակ ծրագրեր է իրականացրել դրսից ստացված դրամաշնորհներով։
Ոչ կառավարական հատվածը և լրատվամիջոցները բախվել են սուր խնդիրների և հայտնվել փակման վտանգի առաջ՝ «Վրացական երազանք»-ի ընդունած օրենսդրական փոփոխությունների, այդ թվում «գործակալների օրենք»-ի և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքի հետևանքով: Փոփոխություններ են կատարվել նաև «Հեռարձակման մասին օրենքում»՝ սահմանափակելով հեռարձակողներին արտերկրից ֆինանսավորվող նախագծերի հեռարձակումը: