Սենատոր Ջին Շահինը կայցելի Վրաստան

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Եվրոպական և տարածաշրջանային անվտանգության համագործակցության ենթահանձնաժողովի նախագահ, սենատոր Ջին Շահինը պատրաստվում է այցելել Վրաստան։

Հայտնի է, որ սենատորը հանդիպումներ կունենա կառավարության պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և այլ դերակատարների հետ՝ կապված «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ:

Հանդիպումների ընթացքում կշոշափվի նաև Վրաստանի կառավարությանը հատկացվող օգնությունը դադարեցնելու ԱՄՆ քայլը, որին սենատոր Շահինն աջակցում է։ Մայիսին Շահինը ներկայացրեց «Վրաց ժողովրդի ակտը» Վրաստանի կառավարության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և օտարերկրյա գործակալների մասին ակտի ընդունման համար:

«Որպես Վրաստանի երկարամյա աջակից՝ ես մտահոգություն եմ հայտնել երկրում տեղի ունեցող սրընթաց քաղաքական փոփոխությունների կապակցությամբ, որոնք հակասում են վրաց ժողովրդի ցանկություններին: Այս ուղևորության ընթացքում ես անհամբեր սպասում եմ Վրաստանի կառավարության պաշտոնյաների հետ հանդիպմանը՝ նրանց կոչ անելու քայլեր ձեռնարկել Վրաստանը վերադարձնելու ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրաց ժողովրդին դեպի եվրատլանտյան ապագան շարժվելու համար»,- ասել է սենատորը:

Նշենք, որ սենատոր Շահինի առաջին այցը Վրաստան եղել է 2012 թվականին, երբ նա ներկա գտնվեց ընտրություններին որպես դիտորդ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ սենատոր Ջիմ Ռիշի հետ միասին։

Անցյալ ամիս Շահինը և Ռիշը հայտարարություն տարածեցին՝ ողջունելով ԱՄՆ Պետդեպարտամենտի որոշումը՝ սառեցնելու վրացական կառավարությանը 95 միլիոն դոլարի օգնությունը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումից հետո: