«Մթավարի արխի»-ի տեղեկության համաձայն՝ Սենակի ռազմակայանում տանկի բռնկման հետևանքով վիրավորվել է 45-ամյա զինծառայող։ Դեպքը տեղի է ունեցել 4 օր առաջ՝ մարզումների ժամանակ։
Պաշտպանության նախարարությունը օգոստոսի 8-ին հաղորդագրություն է տարածել զինծառայողի վիրավորման մասին։ Գործակալության տվյալներով՝ զինված ուժերի սպա Զուրաբ Ֆիսենկոն պարտականությունները կատարելիս ստացել է այրվածքներ ու ծանր մարմնական վնասվածքներ։
Նախարարության տվյալներով՝ զինծառայողին տեղում համապատասխան բուժօգնություն է ցուցաբերվել, որից հետո նա տեղափոխվել է Թուրքիայի բարձր մակարդակի մասնագիտացված կլինիկաներից մեկը։
«Զինված ուժերի սպա Ֆիսենկոն ստանում է անհրաժեշտ բժշկական օգնություն, և առողջական վիճակն այժմ կայուն է»,-հայտարարել է պաշտպանության նախարարությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպի առնչությամբ ռազմական ոստիկանության վարչության հետաքննություն է սկսել։ Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, չի նշվում, թե ինչի հետևանքով է զինծառայողն այրվածքներ ստացել։