ՍԴ-ում նախագահի հայցի ճակատագիրը․ կարծիքներ

Վրացի վերլուծաբանները վստահ չեն, որ Սահմանադրական դատարանը կբավարարի ընտրությունների արդյունքները հակասահմանադրական ճանաչելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը:

«Հույս ունենալ, թե դատարանը կբավարարի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը, գրեթե անհավանական է․ մենք հետընտրական շրջանում արդեն ականատես եղանք վրացական դատարանների որոշումներին»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասում է «Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակության» (ISFED) իրավաբան Գիորգի Մոնիավան:

Նշենք՝ Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) գրանցել է հոկտեմբերի 26-ին կայացած ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու պահանջով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը։ Հայցադիմումն արդեն հրապարակվել է դատարանի կայքում։

Նախագահը վիճարկում է գաղտնիության և ազատ ու համընդհանուր ընտրություններ անցկացնելու իրավունքի խախտումը։

«Ընտրությունները պետք է արտացոլեն ընտրողի իրական դիրքորոշումը և ոչ թե վախից նրա արտահայտումը, որ քո ընտրությունը հայտնի կդառնա մյուսներին, ինչը կարող է ունենալ բացասական հետևանքներ։ Ուստի գաղտնիության սկզբունքի խախտումը կասկածի տակ է դնում համապատասխան ընտրությունների բնույթը՝ որպես ժողովրդավարական լեգիտիմացման գործիք», — ասված է նախագահի հայցում։

Գիորգի Մոնիավան չի սպասում, որ դատարանը կբավարարի հայցը, սակայն, ասում է՝ ամեն ինչ կարվի արդարացի պայքարում հաջողության հասնելու նպատակով։

«Բոլորը՝ խորհրդարանի անդամները, քաղհասարակությունը, ՀԿ-ները ամեն հնարավոր քայլ անում են, որպեսզի կարողանանք հասնել Եվրոպական դատարան»,- ասում է իրավաբանը՝ ընդգծելով, որ այս պայքարում յուրաքանչյուրի դերը շատ կարևոր է:

Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին նույնպես այն կարծիքին է, որ դատարանը չի բավարարի նախագահի հայցը։

«Ես կարծում եմ, որ դատարանը չի բավարարի հայցը: Մոտ օրերս կկայանա խորհրդարանի առաջին նիստը: Մտածում եմ՝ այն խափանել չի ստացվի: Դա էլ իր հերթին կհանգեցնի զանգվածային բողոքի ակցիաների»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ընդգծեց վերլուծաբանը:

Նշենք՝ հայցադիմումը գրանցելուց հետո դատարանը 30 օր ժամանակ ունի գործը քննելու համար։ Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի 86-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի մանդատը չի փոխանցվում այն ​​քաղաքական գործչին, ում ընտրությունը բողոքարկվում է ՍԴ-ում։

Հիշեցնենք՝ Ընդդիմությունը նույնպես պահանջում է չեղյալ համարել ընտրությունների արդյունքները։ Երկու հայցերն էլ դատարանը քննում է ամբողջական կազմով:

Սահմանադրագետների խոսքով, քանի դեռ հարցը սահմանադրական է, խորհրդարանը չի կարող ճանաչել սեփական իշխանությունը․ ըստ կանոնակարգի՝ հայեցողություն չունի։

Նշենք, որ նոյեմբերի 16-ին ԿԸՀ-ն հաստատել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը. խորհրդարանական ընտրություններն ամփոփված են։

Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։