Շաբաթ օրը՝ օգոստոսի 31-ին, Վրաստանի Սահմանադրական դատարանում (ՍԴ) ավարտվել է սովորականից երկարատև կանոնակարգային նիստը, որտեղ քննարկվում էր «գործակալների օրենք»-ը։
Երեք օր տևած բանավեճերից ու հարցերից հետո դատարանը մտավ խորհրդակցական սենյակ։ Դատարանը՝ դատավորների պլենումը, այժմ պետք է որոշի երկու հարց.
- Արդյո՞ք սկսելու է «գործակալների օրենք»-ը և դրա կոնկրետ հոդվածները հակասահմանադրական ճանաչելու գործի բովանդակային վերանայումը,
- Եթե վերանայում սկսի, արդյո՞ք ժամանակավորապես կկասեցնի օրենքի կիրարկումը մինչև վերանայման ավարտը։
Դատարանի որոշման կայացման մասին հստակ ժամկետ դեռ հայտնի չէ։ ՍԴ նախագահ Մերաբ Տուրավան նիստի ավարտին ասել է, որ «դատական ակտի ընդունման մասին կողմերը լրացուցիչ կտեղեկացվեն»։ Սակայն՝ չի նշել ժամկետը։ Կողմերն ակնկալում են, որ որոշման հրապարակումը չի ուշանա։
Սահմանադրական դատարանի պլենումը բաղկացած է ինը դատավորից։ Որոշումները կայացվում են մեծամասնությամբ։ Սա նշանակում է, որ որոշման համար անհրաժեշտ է նվազագույնը հինգ ձայն։
Ներկայումս «գործակալների օրենք»-ի լսումներին մասնակցել է ընդամենը ութ դատավոր։ Ըստ դատարանի՝ դատավորներից մեկը` Իրինե Իմերլիշվիլին, առողջական վիճակի պատճառով չի կարող ներկայանալ նիստերին։ Նույնիսկ ութ հոգանոց հանձնաժողովում որոշում կայացնելու համար անհրաժեշտ է նվազագույնը հինգ ձայն:
Քաղաքականապես զգայուն վերջին գործերից մեկը, որ դատարանն այս կազմով քննել էր, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի հարցն էր։ Ինը դատավորներից վեցը որոշել են, որ նախագահը սահմանադրախախտ է։
Այժմ ՍԴ-ն քննում է, թե որքանով է «գործակալների օրենք»-ը համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը։ Սա անկախ Վրաստանի և Սահմանադրական դատարանի պատմության կարևորագույն հայցերից մեկն է։
Խորհրդարանի դեմ համատեղ պայքարում են Վրաստանի նախագահը, ավելի քան 100 հասարակական կազմակերպություն, ԶԼՄ-ները և խորհրդարանական ընդդիմությունը։ Չորս առանձին հայցերով նրանք ՍԴ-ից պահանջում են չեղյալ համարել Վրաստանի եվրաինտեգրումն արգելակող «ռուսական օրենք»-ը։