Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գնահատմամբ՝ այսօր երկիրը գտնվում է խիստ վտանգավոր իրավիճակում․ «Սահմանադրության մեջ խրված դանակով»։ Նման կերպ է նախագահն արձագանքել է Սահմանադրական դատարանի (ՍԴ) կողմից ընտրությունների վերաբերյալ հայցերը քննության չառնելու մասին որոշմանը։
Նախագահը ճեպազրույց է ունեցել սահմանադրական հայցի հեղինակ քաղաքական գործիչների և սահմանադրագետների հետ։
Նախագահը պարզաբանել է, թե ինչու է հայցը ներկայացվել ՍԴ, երբ արդեն պարզ էր, թե ողջ համակարգը ինչպես է գործելու։ Զուրաբիշվիլին ասել է՝ վստահությունը, որ ՍԴ-ն ճիշտ որոշում կկայացնի, քիչ էր, սակայն հույս էին տալիս դիմակայող քաղաքացիները:
«Սխալվեցի, և այսօր մենք շատ վտանգավոր իրավիճակում ենք, երբ երկիրն արդեն չունի սահմանադրական իշխանություն, որտեղ դանակ են խրել Սահմանադրության մեջ՝ այն ամբողջությամբ պատռելով։ Ի՞նչ է մնում։ Սահմանադրորեն լեգիտիմ մեկ ինստիտուտ կա, ես եմ։ Մեծ պատասխանատվություն է։ Մյուս կողմում մեկ մարդ է, որ ամբողջությամբ յուրացրել է իշխանությունը, հաստատել բռնի ռեժիմ՝ դա Իվանիշվիլին է։ Մենք պետք է լուծում գտնենք երկրում: Նրա պարտականությունն է վերադարձնել իր ռեժիմը ոչ բռնի վիճակի, լսել ժողովրդին։ Իմ պարտականությունն է երկիրը տանել դեպի նոր ընտրություններ, որոնք օրինական կերպով կընտրեն նրա վաղվա կառավարությունը»,- ասել է Զուրաբիշվիլին։
Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) չի ընդունել նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ։