ՍԴ-ն հնարավորություն ուներ ավարտելու քաղաքական ճգնաժամը. կարծիքներ

«Ամեն ինչ սեփականաշնորհված է: Խորհրդարանը խորհրդարան չէ, ոչ էլ դատարանն է դատարան։ Ամեն ինչ հարմարեցված է միակուսակցական համակարգին»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց երկրում տիրող իրավիճակը վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին:

Վերլուծաբանը հավելեց, որ այս պահին բազմաթիվ հաստատություններ ծառայում են ոչ թե Վրաստանին ու նրա քաղաքացիներին, այլ միայն «Վրացական երազանք»-ին։
Նրա խոսքով՝ չնայած այդ հաստատությունը կոչվում է Սահմանադրական դատարան, բայց կայացնում է հակասահմանադրական որոշումներ, որոնք ոչ մի կապ չունեն սահմանադրության հետ:

Հիշեցնենք, Վրաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) դեկտեմբերի 3-ին չբավարարեց նախագահի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հայցերը հոկտեմբերի 26-ի ընտրությունները հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ:

Հայցվորները պահանջում էին չեղյալ համարել ընտրական արձանագրությունները, այդ թվում՝ 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի բավարարումը հավասարազոր կլիներ նոր ընտրությունների անցկացման անհրաժեշտության:

«Այս պահին իրավիճակը, կարելի է ասել, վերահսկում է ժողովուրդը՝ Վրաստանի քաղաքացիները: Ամեն ինչ կախված է դրսում (նկատի ունի փողոցում՝ ցուցարարներին — հեղ.) սպասվող զարգացումներից: Ինչ վերաբերում է նախագահի և ընդդիմության քայլերին, ապա շատ շուտով կկայանան նախագահական ընտրություններ, և այդ ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին ավելի անկախ կդառնա իր որոշումների մեջ»,-ընդգծեց վերլուծաբանը:

«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց՝ Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ ավարտին հասցնելու քաղաքական ճգնաժամը:

«Մենք՝ իհարկե, մեծ սպասումներ չունեինք դատարանից, թեև կարծում էինք, որ կնշանակվեր գործի էությունը պարզող գոնե նվազագույն հետաքննություն: Սակայն, շատ անսպասելիորեն նա չբավարարեց նախագահի և ընդդիմության հայցը՝ «բավարար ապացույցների բացակայության պատճառով»: Սահմանադրական դատարանը հնարավորություն ուներ ավարտին հասցնելու քաղաքական ճգնաժամը, բայց չարեց դա»,- ասաց Միքելաձեն:

Նրա խոսքով՝ Սահմանադրական դատարանն ունի հետաքննություն անցկացնելու  և փաստարկներ հավաքելու ինկվիզիցիոն լիազորություններ: Միքելաձեն ընդգծեց, որ այդ շրջանում կային նաև շատ կարևոր փաստեր, դրանցից էր նաև ընտրությունների շրջանում արտերկրում գտնվող Վրաստանի քաղաքացիներին ընտրատեղամասեր չտրամադրելը, ինչը ևս խնդիր է:

«Կարծում եմ, ընդդիմադիր կուսակցություններն ու նախագահը պետք է զբաղվեն ակտիվ միջազգային աշխատանքով՝ ավելի կոնկրետ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ: Ընդդիմությունը նաև պետք է ունենա ճգնաժամերին արձագանքելու ռազմավարություն և հստակ դիրքորոշում, ինչը շատ կարևոր է»,-հավելեց Թամթա Միքելաձեն:

Նա նաև անդրադարձավ խաղաղ ցույցերի ժամանակ ձերբակալվածներին, որոնք նաև ֆիզիկապես բարվոք վիճակում չեն, և ասաց, որ նրանց ազատ արձակելու հարցը նույնպես պետք է լինի առաջնային:

Հիշեցնենք, Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները համատեղ ունեն 61 մանդատ։ Ընդդիմությունը, նախագահն ու քաղհասարակությունը պնդում են` ընտրությունները կեղծվել են։

Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքներին առնչվող «լուրջ կասկածները»։