ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել LSD-ի մեկ չափաբաժնի համար ազատազրկումը

Սահմանադրական դատարանի (ՍԴ) առաջին պալատը հակասահմանադրական է ճանաչել մեկ անձի համար բավարար չափաբաժնով թմրամիջոցի լիզերգիդ (LSD) ձեռք բերելու/պահելու համար ազատազրկման կիրառումը: Վրաստանի անունից որոշումը կայացրել են չորս դատավորներ՝ Վասիլ Ռոինիշվիլին, Էվա Գոցիրիձեն, Գիորգի Թևդորաշվիլին և Գիորգի Կվերենչխիլաձեն։

9 քաղաքացի համատեղ հայցով Սահմանադրական դատարան են դիմել 2016 թվականի մարտի 7-ին, իսկ որոշումը հրապարակվել է 9 տարի անց՝ 2025 թվականի մարտի 6-ին։ Այդ քաղաքացիները տարիներ առաջ ազատազրկման էին դատապարտվել թմրանյութեր պահելու համար:

Դատավորների որոշման մեշ նշված է. «Ըստ հայցվորների փաստարկների՝ իրենց դեմ հարուցված քրեական գործերով հայտնաբերված թմրամիջոցների քանակը շատ քիչ է եղել։ Ըստ այդմ՝ այդ ծավալով թմրամիջոց ձեռք բերելը/պահելը քրեական պատասխանատվության ենթակա չէ»։

Դատարանը մի քանի տարի քննարկում էր, թե արդյոք սահմանադրական է ազատազրկման պատիժը կոնկրետ թմրամիջոցներ պահելու համար այն քանակությամբ, որի համար նրանք մեղավոր են ճանաչվել։ Մասնավորապես.

  • Մինչև 0,000172 գրամ լիզերգիդ (LSD),
  • Մինչև 0,4 գրամ մորֆին,
  • 3,48 գրամ նոր հոգեակտիվ նյութ AB-CHMINACA,
  • Մինչև 0,3483 գրամ մեթադոն,
  • Մինչև 0,2640 գրամ հերոին,
  • Մինչև 0,0047 գրամ դեզոմորֆին,
  • Մինչև 0,0149 գրամ բուպրենորֆին:

«Գործի առարկայական քննությանը հրավիրված փորձագետների գնահատմամբ՝ ներկայացված թմրամիջոցների՝ մորֆին, հերոին, դեզոմորֆին, մեթադոն, բուպրենորֆին վիճելի չափաքանակներն իսկապես ավելին են, քան մեկ անգամ օգտագործելու համար պահանջվող քանակը։ Ըստ փորձագետների՝ վերոնշյալ թմրամիջոցները պատկանում են ափիոնային խմբին, այսպես կոչված՝ դեպրեսանտներին, որոնք ճնշող ազդեցություն են գործում մարդու կենտրոնական նյարդային համակարգի վրա», — նշված է դատարանի որոշման մեջ։

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է համարել մեկանգամյա օգտագործման թմրամիջոց պահելու համար ազատազրկման պատիժը։