«Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս». Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում հունվարի 5-ի երեկոյան մատուցված Ճրագալույցի տոնական Սուրբ պատարագով ազդարարվեց Սուրբ Ծննդյան ավետիսը:
Պանդեմիայի պայմաններում Թբիլիսիի եկեղեցիներում հավատացյալները հնարավորություն ունեն մնալու մինչև երեկոյան ժամը 8-ը, քանի որ 9-ից մինչև առավոտյան 5-ը երկրում տեղաշարժի արգելք կա: Պատարագի մասնակիցները դիմակներով են եղել, պահպանել են սոցիալական հեռավորություն:
Հունվարի 6-ին, ժամը 10:30-ին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը: Կիրակոս վարդապետի հանդիսապետությամբ Սբ. Պատարագի վերջում կկատարվի Ջրօրհնեքի արարողություն:
Հավատացյալներն այս օրը տուն են տանում եկեղեցում վառված մոմերը, ինչը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի նորածին Հիսուսը:
Սուրբ Ծննդյանը, ինչպես նաև Սուրբ Զատկին նախորդող օրը կոչվում է Ճրագալույց, որը նշանակում է ճրագ լուցանել, այսինքն՝ վառել: Այդ օրերին վառում են տաճարի ջահերն ու կանթեղները և վառվող մոմերը տանում տուն: Հայ Եկեղեցում տարվա մեջ միայն երկու անգամ է ճրագալույց կատարվում՝ Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության նախատոնակներին: