Վրաստանի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում ներդրվելիք փոփոխությունների համաձայն, սառը զենք կրելու հետ կապված պատժամիջոցները կխստացվեն: Այս խնդրին առնչվող օրինագիծն իրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է երկրորդ ընթերցմամբ։
Օրինագծի համաձայն՝ փողոցում, բակում, մարզադաշտում, հրապարակում, պուրակում, ուսումնական հաստատությունում, դատարանում, օդանավակայանում, կինոթատրոնում, թատրոնում, համերգասրահում, սրճարանում, ռեստորանում, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտում, ավտոկայանում, երկաթուղային կայարանում և հանրային հավաքների այլ վայրերու սառը զենք կրելը կտուգանվի 500 լարիի չափով` 200 լարիի փոխարեն, և սառը զենքի առգրավմամբ։
Ըստ նախագծի, դրա կրկնակի խախտումը կպատժվի անձի քրեական պատասխանատվությամբ՝ վարչական պատասխանատվության փոխարեն։
Փոփոխությունների համաձայն՝ «սառը զենք կրելը» նշանակում է նաև այնպիսի հանգամանքների առկայություն, երբ մարդը սառը զենք ունի այնպես, որ հնարավոր լինի վերջինս օգտագործել անմիջապես։ Օրենսգրքի գործող տարբերակով՝ «սառը զենք կրելը» վերաբերում է միայն այնպիսի հանգամանքների առկայությանը, երբ մարդը ձեռքի կամ հագուստի մեջ պահում է սառը զենք կամ ամրացնում է մարմնին։
Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեի համոզմամբ` փորձը ցույց է տվել, որ գործող նորմն ունի թերություններ, նվազ արդյունավետ է, ուստի անհրաժեշտ էր օրենսգրքում փոփոխություններ կատարել:
«Ըստ 2022 թվականի հունվար-սեպտեմբերի վիճակագրական տվյալների՝ արձանագրվել է սպանության և սպանության փորձի 147 դեպք, դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու՝ 166 և թեթև վնասվածքի` 130 դեպք։ Եթե այս բոլոր հանցագործությունները գումարենք, ապա 35 տոկոս դեպքերում դանակը օգտագործվել է որպես զենք, սպանությունների 53 տոկոսը կատարվել է դանակով»,- ասել է Դարախվելիձեն։