Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը` Զազա Սարալիձեն, հեռացել է «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակի հարակից տարածքից: Նա հայտարարել է, որ բողոքի ակցիան կշարունակի խորհրդարանի մոտ:
Սարալիձեն նշել է, որ ոստիկանները իրեն չեն թողել մուտք գործել գրասենյակ, որտեղ այդ պահին ընթացող հանդիպմանը մասնակցում էին կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլին, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա ասել է, որ ցանկանում էր որդու սպանության մասին իր հարցերն ուղղել Բիձինա Իվանիշվիլիին։
Հիշեցնենք՝ Սարալիձեն բողոքի ակցիաներ է սկսել այն բանից հետո, երբ Թբիլիսիի քաղաքային դատարանը Խորավա փողոցում տեղի ունեցած 2 անչափահասների սպանության գործով աղմկահարույց որոշում կայացրեց․ անչափահասը սպանվել է, սակայն սպանողը չկա։