Թբիլիսիի քաղաքապետարանը հրապարակել է Զազա Սարալիձեի անձնական տվյալները: Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին նամակ էր գրել՝ թույլտվություն խնդրելով մինչև դեկտեմբերի 31-ը շարունակել խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներն ու վրանների տեղադրումը: Քաղաքապետարանը պատասխան հաղորդագրության մեջ հրապարակել է նաև Սարալիձեի նամակը, որում նշված է Սարալիձեի բնակության հասցեն և հեռախոսահամարը:
Սարալիձեի իրավապաշտպանը տեղի ունեցածը համարում է օրենքի խախտում, իսկ քաղաքապետարանում ասում են, թե տեխնիկական վրիպակ է եղել:
«Ես բազմաթիվ դիմում-բողոքներ եմ ներկայացրել, սակայն ոչ մի արձագանք չի եղել։ Բայց ես, անպայման, շարունակելու եմ բողոքս, իսկ եթե կրկին չարձագանքեն, կդիմեմ Եվրոպական դատարան», — ասում է Սարալիձեն:
Բացի դրանից, Խորավա փողոցում սպանված դեռահասի հայրը վերջին օրերին ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով բազմաթիվ սպառնալիքներ է ստացել: Նա դատախազությունից պահանջում է պարզել հեղինակներին: