«Սանիթեք»-ը Թբիլիսիում ասուլիս չի ունենա

Երևանի աղբահանությամբ զբաղվող՝ «Սանիթեք» ընկերության ասուլիսը տեղափոխվեց Երևան: 

Ընկերության ղեկավարությունը նախօրեին հայտարարություն էր արել, ըստ որի՝ Թբիլիսիում մամուլի ասուլիս կունենան: Թե ինչու՝ հենց Վրաստանի մայրաքաղաքում, չէին մանրամասնել: Հայկական սոցցանցերում լուրը հակասական արձագանքներ ունեցավ, Երևանի ավագանու որոշ անդամներ կոչ արեցին լրատվամիջոցներին՝ բոյկոտել թբիլիսյան ասուլիսը:

Մի քանի լրատվականներ հայտարարեցին, որ չեն մասնակցի ասուլիսին:

Քիչ առաջ ընկերությունը նոր հայտարարություն է տարածել, որում ասվում է. ««Սանիթեք» ընկերությա միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին և թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը: «Սանիթեք» ընկերության համար ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարևոր հետևյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր և ներկայացնել ճշմարտությունն այս ողջ պատմության: Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների և Երևան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից և վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երևանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի և ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ»։

Ասուլիսը նշանակված է օգոստոսի 2-ին ժամը 12:00-ին, Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տրդատ թագավոր» սրահում: