«Սամխարաուլիի բյուրոյի» եզրակացությունը կցվել է Սաակաշվիլիի գործին

Հունվարի 30-ին Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ չեղարկելու հարցով 9-րդ դատական ​​նիստում Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեն բավարարել է Վրաստանի Հատուկ քրեակատարողական ծառայության (ՀՔԾ) միջնորդությունը և գործին է կցել  «Էմպաթիա» կենտրոնի եզրակացության վերաբերյալ Սամխարաուլիի անվան փորձաքննությունների ազգային բյուրոյի եզրակացությունը:

Դատավորը նշել է, որ պետք է կողմերին հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց տեսակետները:

«Երկու կողմերին էլ պետք է հնարավորություն տրվի աջակցելու կամ ապահովելու հատուկ գիտելիքներ ունեցող անձանց կրթությունն ու փորձաքննությունը։ Ըստ այդմ, կարծում եմ, որ ներկայացված եզրակացությունը պետք է կցվի գործին»,- որոշումը պարզաբանել է Արևաձեն։

Հարկ է նշել, որ դատական նիստի սկզբում Սաակաշվիլիի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել առանձին փորձագետների և փորձաքննությունների ազգային բյուրոյի վերաբերյալ՝ նշելով, որ Սամխարաուլիի զեկույցն «անհիմն» է և անթույլատրելի։ Նրանց խոսքով, Սամխարաուլիի փորձաքննությունների ազգային բյուրոն այս զեկույցը պատրաստել է գործի նյութերի հիման վրա, ոչ թե «Էմպաթիայի» զեկույցի։ Փաստաբան Շալվա Խաճապուրիձեի խոսքով՝ զեկույցում տեղ գտած կեղծիքներն առանձին քննարկման առարկա են։

Ի դեպ, նախորդ դատական ​​նիստին քրեակատարողական ծառայությունը ներկայացրել էր Լևան Սամխարաուլիի դատաբժշկական փորձաքննության ազգային բյուրոյի եզրակացությունը, որը վերաբերում է «Էմպաթիա» կենտրոնից տրված ախտորոշումներին։

Նշենք նաև, որ հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել էր, որ քրեակատարողական ծառայության դիմումի հիման վրա Սամխարաուլիի ազգային բյուրոն ստուգել է «Էմպաթիա» կենտրոնի եզրակացության հավաստիությունը և հետևություն է արել, որ այդ եզրակացությունը վստահելի չէ։

Հատկանշական է նաև, որ «Էմպաթիա» կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին այս փաստաթուղթը գնահատել է որպես «փորձաքննության վրա ճնշման և հեղինակազրկման փորձ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 1-ին «Էմպաթիա» կենտրոնը հրապարակել է  Սաակաշվիլիի առողջական վիճակի վերաբերյալ փորձագիտական ​​եզրակացությունը, ըստ որի՝ երրորդ նախագահը առողջ է եղել, բայց այժմ մահվան վտանգի տակ է:

Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որ կալանքի տակ է, գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում 2022 թվականի մայիսի 12-ից։ Ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ, նրա առողջական վիճակն օրեցօր վատանում է, և անհրաժեշտ է նրան տեղափոխել արտերկիր բուժման նպատակով։

Շուրջ երկու ամիս Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Միխեիլ Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։

Բրիտանացի հոգեբույժ Կոռնելիուս Կատոնան զեկույց է պատրաստել Սաակաշվիլիի առողջական վիճակի մասին։ Կատոնան նշել է, որ 2022 թվականի նոյեմբերին անձամբ է զննել Սաակաշվիլիին։ Ըստ Կատոնայի՝ հանդիպումը կայացել է «Վիվամեդ» կլինիկայում և տևել երեք ժամ։ 

Սաակաշվիլիի մայրը՝ Գիուլի Ալասանիան ասել է, որ երրորդ նախագահը շարունակում է նիհարել։ Ալասանիան նշել է, որ Սաակաշվիլին 195 սմ հասակով այժմ կշռում է ընդամենը 68 կիլոգրամ։ Ի դեպ, ձերբակալությունից հետո Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 48 կգ։ Անկախ հետազոտության տվյալներով, նման քաշի կորուստը խոսում է կախեքսիայի՝ քաշի անվերահսկելի կորստի մասին։

Նշենք նաև, որ Վրաստանի իշխանությունները շարունակում են հերքել, որ Սաակաշվիլիի վիճակը անհանգստության տեղիք է տալիս՝ պնդելով, որ երրորդ նախագահը «վատ է սնվում» և «ձևեր է թափում»:

Ընդգծենք, որ «Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն հայտարարել էր, որ  Սաակաշվիլիի հետ շփված անձնակազմից ոչ մեկի մոտ կորոնավիրուս չի հաստատվել: Ըստ Չխաիձեի՝ այժմ սպասում են փաստաբանների PCR թեստի պատասխաններին։

Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին: Փաստաբանը հունվարի 24-ին տեղեկություն էր տարածել Սաակաշվիլիի կորոնավիրուսով վարակվելու մասին։

Հիշեցնենք, որ Սաակաշվիլին կալանավորվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին: Դատարանը նրան ազատազրկման է դատապարտել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և Սանդրո Գիրգվլիանիի մահվան գործով դատապարտվածներին ներում շնորհելու համար։ Սաակաշվիլիի դեմ ևս երեք գործ է հարուցվել։ Ձերբակալության առաջին օրը Սաակաշվիլին հացադուլ էր հայտարարել, որը դադարեցրել էր Գորիի կլինիկա տեղափոխվելուց հետո:

2022 թվականի մայիսի 12-ից Սաակաշվիլին գտնվում է «Վիվամեդ» կլինիկայում: Նրա ընտանիքի անդամների ու փաստաբանների պնդմամբ` երրորդ նախագահի առողջական վիճակն օր օրի վատթարանում է, և անհրաժեշտ է բուժման նպատակով նրան տեղափոխել արտերկիր: Հարկ է նշել նաև, որ շուրջ երկու ամիս է Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկում է Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու կամ արդարացնելու վերաբերյալ փաստաբանների բողոքը։