Չնայած 2021 թվականին Վրաստանի խորհրդարանում քննարկվելիք հարցերի բազմազանությանը և քանակին, տվյալները ցույց են տալիս, որ 10 անգամ պակաս կարծիք է հայտնել իշխող կուսակցության պատգամավորների 45%-ը, այդ թվում՝ նրանց 12%-ը նույնիսկ մեկ անգամ չեն արտահայտվել։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարման մոնիտորինգի կենտրոնի (GMC) հրապարակած տվյալներից:
Խոսափողը տարվա մեջ ոչ մի անգամ չմիացրած իշխող կուսակցության պատգամավորներն են՝ Էլգուջա Գոցիրիձե, Էդիշեր Տոլորայա, Սումբատ Կյուրեղիանի, Սամվել Մանուկյան, Զաալ Միքելաձե, Դիմիտրի Սամխարաձե, Լևան Քարումիձե, Գոդերձի Չանքսելիանի, Վասիլ Չիգոգիձե, Իրակլի Խախուբիա, Վիքտոր Ջափարիձե:
Հատկանշական է նաև, որ Վրաստանի խորհրդարանի միլիոնատեր պատգամավորներն էլ այդքան ակտիվ չեն․ «Վրացական երազանքի» միակ ակտիվ միլիոնատեր պատգամավորը Նինո Ցիլոսանին է, ով տարվա ընթացքում 116 անգամ օգտվել է խոսափողը միացնելու իրավունքից։
Սակայն լուռ պատգամավորներ կարելի է անվանել նաև նրանց, ովքեր տարվա ընթացքում քվեարկել են ընդամենը մեկ-երկու անգամ, իսկ այս ցուցակում 8 պատգամավոր կա՝ Սավալան Միրզոև, Ալեքսանդր Տաբատաձե, Զաուր Դարգալի, Իսկո Դասենի, Գոչա Էնուքիձե, Լևան Կոբայաշվիլի, Ռեսան Կոնցելիձե, Գոգի Մեշվելիանի:
Նշենք, որ կանոնակարգի համաձայն՝ Վրաստանի խորհրդարանը երկրի բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, օրենսդիր իշխանությունը, որոշում է երկրի ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, վերահսկում է Վրաստանի կառավարության գործունեությունը՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։
«Հասկանալի է, որ նման լիազորությունների իրականացման փուլը պետք է ներառի պատգամավորի ելույթը, հարցադրումը, հայտարարություն, կարծիք օրինագծերի և քննարկման ենթակա այլ հարցերի վերաբերյալ:
2021 թվականին ծավալվող իրադարձություններով, ներառյալ համաճարակը, գնաճը, դատաիրավական բարեփոխումները և դատական նշանակումները, հանրահավաքները և բռնի միջադեպերը, խորհրդարանի անդամներն ակնհայտորեն ունեին լուծելու շատ կարևոր խնդիրներ՝ իրենց տեսակետներն արտահայտելու համար: Բացի այդ, 2021 թվականին կայացել է 62 լիագումար նիստ։ Խորհրդարանը բոլոր երեք ընթերցմամբ ընդունել է 338 օրենք, առաջին ընթերցմամբ քննարկվել է 63, երկրորդ ընթերցմամբ՝ 8 օրենքի նախագիծ»,-ասվում է հրապարակման մեջ։