Չորս օր տևած անձրևն ու ուժեղ քամին խնդիրներ են ստեղծել Վրաստանի Սամեգրելոյի շրջանի Փոթիի, Չխորոծկղուի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում։
Աղետից տուժել է հատկապես Փոթին, որտեղ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, դպրոցներում և մանկապարտեզներում դադարեցվել է ուսումնական գործընթացը։ Պատճառն այս հաստատությունների բակերի և մուտքի ճանապարհների հեղեղումն է։
Փոթիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնել են՝ ուսումնական գործընթացը կվերսկսվի ստեղծված իրավիճակի բարելավմանը զուգահեռ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան տվյալներով՝ մունիցիպալիտետի ողջ տարածքում վնասվել է մոտ 300 տուն։ Քամին պոկել է որոշ տների տանիքը, մասամբ էլ ջրի տակ են հայտնվել տների առաջին հարկերը։
Չխորոծկղուի մի քանի գյուղերում չդադարող անձրևի պատճառով հեղեղվել են ներքին ճանապարհները, հեղեղաջուրը լցվել է բակեր, վնասվել են կամուրջներ։ Քաղաքապետ Դավիթ Գոգուան ասել է՝ առատ տեղումների պատճառով Սարաքոն և Լեծուրծումե գյուղում սողանք է տեղի ունեցել։ Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել գյուղից մեկ ընտանիքի տարհանել։
Հորդառատ անձրևը խնդիրներ է ստեղծել հիմնականում Զուգդիդիի մունիցիպալիտետի Անակլիայի վարչական միավորում։ Այստեղ ջրի տակ են անցել մի քանի բնակելի տների առաջին հարկեր և տնակներ։
Քաղաքապետարանի տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումներն առաջացրել են գետերի զգալի վարարումներ, ջրահեռացման ջրանցքների վարարումներ և հեղեղումներ։ Անակլիայի ռեկուլտիվացիոն ալիքը չի կարողացել դիմակայել ավելցուկային հոսքին, որը ստեղծել է ողջ տարածքը հեղեղելու վտանգ։ Քաղաքապետարանում, սակայն, պնդում են, որ նոր, լրացուցիչ ռեկուլտիվացիոն ալիք է բացվել, եղածն ընդլայնվել է, վտանգը՝ վերացվել։
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի Սենակի և Աբաշի մունիցիպալիտետներում հորդառատ անձրևների պատճառով հեղեղվել են գյուղատնտեսական հողատարածքներ։
Նշենք, որ Սամեգրելոյում արդեն չորս օր է, ինչ անձրև է տեղում, տեղ-տեղ ուժեղ քամի է։ Օդերևութաբանները հոկտեմբերի 22-ից Արևմտյան Վրաստանում կրկին անձրև և ամպրոպ են կանխատեսում: