Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ու Վրաստանում ԱՄՆ դեսպան Կելի Դեգնանին օգոստոսի 6-ին այցելել են Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղ, որտեղ գտնվում է Սուրբ Նինոյի անվան մենաստանը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ այցի նպատակը ներգնա տուրիզմի խթանումն ու զարգացումն է:
Վրաստանի նախագահի հայտարարությամբ՝ Սամցխե-Ջավախեթին կրոնական զբոսաշրջության զարգացման տեսակետից մեծ ներուժ ունի, և շրջանը համաշխարհային ուղղափառության համար կարևոր վայր դարձնելու հնարավորություն կա:
«Սամցխե-Ջավախեթին նույնպես պետք է դառնա կրոնական տուրիզմի ուղղություններից մեկը: Սա այն ճանապարհն է, որով Սուրբ Նինոն մուտք գործեց Վրաստան: Սա աշխարհի ուղղափառության և քրիստոնեության համար կարող է շատ կարևոր վայր դառնալ»,- նշել է Վրաստանի նախագահը՝ հավելելով, որ Սամցխե-Ջավախեթին այն վայրն է, որտեղ լավ է երևում վրացական հանդուրժողականությունը:
Նախագահը վստահեցրել է, որ այդ տարածքը մեծ ապագա ունի և շատ ուրախ է, որ ԱՄՆ դեսպանի հետ ժամանել է այդտեղ: