Սամցխե-Ջավախեթիի հասարակական կազմակերպությունները շրջանի մեծամասնական պատգամավորներին կոչ են անում չաջակցել խորհրդարանում քննարկվող «Օտարերկրյա գործակալների» փաթեթին։
««Օտարերկրյա գործակալների» օրենսդրական փաթեթը կանխամտածված դիվերսիա է Վրաստանի եվրաինտեգրման ճանապարհին։ Կարծում ենք, որ այս օրենքի նպատակը անկախ լրատվամիջոցներին լռեցնելն ու քաղաքացիական կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելն է»,- ասված է հաղորդագրությունում։
Նրանց խոսքով, եթե օրենքի նախագիծը հաստատվի, իրենք այլևս չեն կարող օգնություն ցուցաբերել բռնությունից տուժածներին, կանանց, հաշմանդամներին, փոքրամասնությունների խմբերին, ապօրինի աշխատանքից ազատվածներին, տեղահանվածներին, բանտարկյալներին, տարեցներին, քանի որ այլևս չեն լինի տարածք, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտել իրենց կարծիքը։
«Առանց օտարերկրյա ֆինանսավորման մենք չէինք կարողանա փրկել մշակութային ժառանգության հուշարձանները, ճանապարհներ, դպրոցներ ու մանկապարտեզներ կառուցել: Մեծ է նաև դոնորների դերը գյուղատնտեսության, առողջապահության և պաշտպանության ոլորտներում, ուստի այս փաթեթեի ընդունումը մեծ վնաս կհասցնի Վրաստանում ապրող հարյուր հազարավոր մարդկանց, էլ ավելի կմեծացնի արտագաղթը։
Ռուսական Օրենքի ընդունումն ինքնաբերաբար կհանգեցնի Վրաստանից դոնոր կազմակերպությունների արտահոսքին, կսպանի քննադատական կարծիքը, ազատ խոսքն ու ժողովրդավարությունը երկրում»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկման է դրվել «Օտարերկրյա գործակալների» փաթեթը, զուգահեռ բազմամարդ ակցիա է անցկացվում օրենսդիրի շենքի մոտ։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։