
Վրաստանի պետական աուդիտի ծառայության հրապարակած տեղեկատվության համաձայն, «Վրացական երազանք»-ի աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին 1 միլիոն 897 հազար 309 լարի պարտք ունի:
Տեղեկատվությունում, որը վերաբերում է հոկտեմբերի 17-28-ն ընկած ժամանակահատվածին, նշվում է, որ Զուրաբիշվիլին «Քարթու» բանկից բացի պարտք է նաև այն երգիչներին, ովքեր սպորտի պալատում երգել են նախագահի թեկնածուի եզրափակիչ հանդիպմանը: Երգիչների հոնորարը տատանվում է 142-600 լարիի սահմաններում:
Միջոցառման ռեժիսորին Զուրաբիշվիլին պետք է վճարի 1000 լարի: Բացի այդ, նախագահի թեկնածուն պարտք է «Alpha Studio»-ին՝ 113 հազար 175 լարի: Իսկ տեսահոլովակներ նկարելու համար տարբեր ընկերությունների պարտք հասնում է 73 հազար 335 լարիի: Նախագահական ընտրություններից առաջ եզրափակիչ հանդիպման վերջում կազմակերպած հրավառության համար «Շոումեն» ընկերությանը թեկնածուն պետք է վճարի 2700 լարի: Գրում է Interpressnews լրատվականը։