
Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ընդդիմության առաջնորդների հետ պատրաստվում է մեկնել Բալթյան երկրներ։ Տեղեկության համաձայն, նրանք բարձր մակարդակի հանդիպումներ կունենան Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում։ Այս տեղեկությունը նախագահի հետ հանդիպումից հետո հայտնել են ընդդիմության առաջնորդները։
Նրանք ԵՄ անդամ երկրներից աջակցություն են խնդրում իրենց պայքարում։
«Կարևոր այց է նախատեսվում, որը կսկսվի Զուրաբիշվիլիի այցով Բալթյան երկրներ։ Հետագա այցերը կլինեն համատեղ։ Արդեն ամենօրյա ռեժիմով նաև կգործի աշխատանքային խումբ, որը կքննարկի, թե ինչպես պետք է աջակցել մեր այն քաղաքացիներին, որոնք դրա կարիքն ունեն։ Նաև կքննարկվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն քաղբանտարկյալների ազատ արձակման գործընթացը արագացնելու համար»,– հանդիպումից հետո հայտարարել է ընդդիմադիր «Լելո» կուսակցության առաջնորդ Բադրի Ջափարիձեն։
Զուրաբիշվիլիի գրասենյակում տեղի ունեցած խորհրդակցությունների ժամանակ քննարկվել է նաև մարտի 31-ին նախատեսվող բողոքի ցույցը։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Վրաստանում առկա ճգնաժամի հաղթահարմանը և նոր ընտրությունների նշանակմանը։