Սալոմե Զուրաբիշվիլին հարցաքննության է կանչվել

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել խորհրդարանական ընտրությունների «ենթադրյալ կեղծման» փաստով և հարցաքննության է կանչել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Ըստ դատախազության՝ հետաքննությունը սկսվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դիմումի հիման վրա:

«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակայնեցված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների հնարավոր կեղծման վերաբերյալ, ինչի պատճառով, ըստ օրենքի՝ Վրաստանի նախագահն այս տարվա հոկտեմբերի 31-ին հետաքննչական գերատեսչություն է կանչվել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Նշվում է՝ Վրաստանի դատախազությունը կկատարի բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները, ինչպես նշված է ԿԸՀ-ի հրահանգում, միաժամանակ՝ Վրաստանի նախագահի, առանձին քաղաքական կուսակցությունների և դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների կողմից հնչեցված փաստերն ուսումնասիրելու նպատակով։

«Այդ թվում, նախաքննության շրջանակներում կհարցաքննվեն բոլոր այն անձինք, ովքեր կարող են տեղեկություններ ունենալ ենթադրյալ հանցավոր փաստերի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրությունում։

Երեկ՝ հոկտեմբերի 29-ին, ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանի նախագահը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները «անհիմն մեղադրանքներով հարձակվում են ԿԸՀ-ի վրա, վնասում ԿԸՀ-ի հեղինակությանը»։

Հայտարարության մեջ ԿԸՀ-ն դատախազությանը հանձնարարել է «պարզել հանգամանքները, արդյոք նախագահի և քաղաքական գործիչների հայտարարությունները համապատասխանում են իրականությանը», սկսել և իրականացնել հետաքննություն։