Քվեմո Քարթլիի մարզի հիմնականում ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի շրջանում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, նախընտրական հանդիպումներ է անցկացնում իշխող «Վրացական երազանք» կուսակցության աջակցությունը վայելող նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին իր ելույթն սկսել է պետական լեզվի չիմացության խնդրի մասին խոսելով՝ հույս հայտնելով, որ իր նախագահության ավարտին, վեց տարի հետո, նույն դահլիճում նրանք կզրուցեն վրացերենով (քարոզարշավը թարգմանվում էր ադբեջաներեն):
Նախագահի թեկնածուն ընդգծել է նաև, որ շրջաններում տեղեկատվության պակասի պատճառով բնակչությունը կանգնում է բազմաթիվ խնդիրների առջև: Զուրաբիշվիլին նշեց օրեր առաջ ԿԳՆ-ի մոտ դիմորդների անցկացրած ցույցը՝ ասելով, որ նրանց խնդիրը բավական տեղեկատվություն չունենալն է և ինքը անձամբ կզբաղվի այդ հարցով:
Ելույթի ընթացքում Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձավ նաև մարիխուանայի օրինականացմանը՝ շեշտելով, թե «կողմնակից չեմ և չեմ լինի»:
«Ես մայր եմ: Շատ մայրեր են իմ մոտ եկել այս հարցով: Ես համոզված եմ, որ մեր երկրի ապագան երտասարդների ձեռքերում է և ես ուզում եմ, որ մեր երիտասարդներն առողջ լինեն», — ասել է Զուրաբիշվիլին:
Նրա խոսքերով, ամուր երկրի հիմքում ամուր շրջաններն են, այդ իսկ պատճառով էլ պետք է զարգացնել երկիրը՝ սկսելով շրջաններից:
«Միշտ խոսում ենք երկրի խնդիրներից, բնականաբար, կարող ենք թվարկել անհամար խնդիրներ: Մինչդեռ, եթե նայենք այլ կողմից, կտեսնենք, որ այս երկիրը մեծ կարողություններ ունի», — ասել է Զուրաբիշվիլին՝ ելույթի վերջում հարցնելով, թե ադրբեջաներեն ինչպես կասեն «41»՝ «Վրացական երազանքի» ընտրական թիվը: