Վրացի մոդել և հեռուստահաղորդավարուհի Սալոմե Ղվինիաշվիլին այլևս չի վարի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության PrimeShow հաշորդաշարը:
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, PrimeShow կայքում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Ղվինիաշվիլին շնորհակալություն է հայտնում համահաղորդավարներին, հաշորդաշարի ստեղծագործական թիմին, ալիքին ու հանդիսատեսին։ Տեսանյութում Ղվինիաշվիլին չի խոսում հաշորդաշարից դուրս գալու պատճառների մասին։
Քաղաքացիները սոցցանցերում քննարկում էին վերջինիս հեռանալու լուրը՝ շրջանառելով տարբեր վարկածներ. վարկածներից մեկը կապվում էր Ղվինիաշվիլիի քաղաքական գործունեությամբ զբաղվելու հավանականությանը:
Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, նա սոցցանցում արձագանքել է «Իմեդի»-ից իր հեռանալու մասին տարածված վարկածներին։ Ըստ նրա՝ այլ անձնական պլաններ ունի, որոնք կապված չեն ո՛չ հեռուստատեսության, ո՛չ քաղաքականության հետ:
Ի դեպ, մի քանի ամիս առաջ «ռուսական օրենք»-ի դեմ բողոքի ակցիաների ժամանակ հաղորդվում էր, որ Սալոմե Ղվինիաշվիլին և PrimeShow-ի մեկ այլ հաղորդավար Նինի Բադուրաշվիլին լքել են հաղորդաշարը: Նրանք «Իմեդի»-ի այն սակավաթիվ դեմքերից էին, որոնք դատապարտում էին «ռուսական օրենք»-ի դեմ ցույցերը բռնությամբ ճնշելու փաստերը։