
Օմանի «SalamAir» ավիաընկերությունը սկսում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Վրաստանում: Այս մասին հաղորդում է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը:
Մուսկատ-Թբիլիսի-Մուսկատ ուղղությամբ Airbus A320 ինքնաթիռներով շաբաթը երեք անգամ (երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին) թռիչքները կսկսվեն իրականացվել 2018 թվականի հունիսի 15-ից մինչեւ ամառային սեզոնի ավարտ:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության քաղավիացիայի գործակալությունը SalamAir-ին կանոնավոր չվերթներ իրականացնելու պաշտոնապես թույլտվություն է տվել մարտի 14-ին:
Վրաստանյան լրատվամիջոցները գրում են, որ նոր թռիչքներ կբարձրացնեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, զբոսաշրջությունը եւ նոր գործարար հարաբերությունների հնարավորությունը: