Իշխող «Վրացական երազանքից» Թբիլիսիի սակրեբուլոյի անդամ Էրեկլե Կուխիանիձեն բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիին և նրա ընտանիքին վիրավորելու համար ներողություն է խնդրում:
Այս մասին պատգամավորը հայտարարել է «TV Pirveli»-ի եթերում:
Կուխիանիձեն նշել է, թե տրվել է զգացմունքներին, ինչի հետևանքով ֆեյսբուքում կատարել է հայհոյախառն գրություն: Կուխիանիձեի խոսքով նա սադրիչ համարել է ոչ թե բժշկի քայլը, այլ նրա ընտանիքի, որոնց կարծիքով կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում Գափրինդաշվիլիին ազատ արձակելու համար:
Հիշեցնենք` սակրեբուլոյի պատգամավոր Էրեկլե Կուխիանիձեն ֆեյսբուքյան իր էջում հայհոյանքներով լի գրառում էր կատարել նոյեմբերի 9-ին ռուսական ուժերի կողմից ձերբակալված բժիշկ Վաժա Գափրինդաշվիլիի ընտանիքի անդամների մասին: Պաշտոնյայի այս հայտարարությունը սոցցանցերում լուրջ քննադատության տեղիք է տվել։
Դեկտեմբերի 16-ին Թբիլիսիի սակրեբուլոյի (ավագանի) հարակից տարածքում մի շարք քաղաքացիական շարժումներ ու ընդդիմադիր կուսակցություններ անցկացրեցին ցույց` պահանջելով պատգամավորի հրաժարականը: