Սակավաթիվ աշխատակիցների հայտարարություններն անպատասխան չեն մնա. «Առաջին ալիք»

Վրաստանի «Առաջին ալիք»-ի (Հանրային հեռուստատեսություն) ղեկավարությունը նշել է, որ առանց արձագանքի չեն թողնի այն աշխատակիցների հայտարարությունները, որոնք խոսում են հեռուստաընկերության խմբագրական քաղաքականության հետ կապված խնդիրների մասին։

Սա առաջին հայտարարությունն է այն բանից հետո, երբ հոգաբարձուների խորհուրդը հեռուստաալիքի ղեկավարությանը խորհուրդ տվեց մի քանի լրագրողների դեմ մեղադրանք ներկայացնել դատախազություն։

«Հանրային հեռուստատեսության այն փոքրաթիվ աշխատակիցները, որոնք միացել են հեռարձակողի առջև շարունակվող բողոքի ակցիային, բազմիցս խախտել են իրենց աշխատանքային պայմանագրի պայմանները, նաև հաղորդավարի աշխատանքային ներքին կանոնակարգը (որոնք պայմանագրի մաս են կազմում): Նրանց հրապարակայնորեն տարածած հայտարարությունները հանգեցնում են Հանրային հեռուստատեսության հասցեին կեղծ մեղադրանքների շրջանառության և լրատվամիջոցի իմիջի ու վստահության վնասման, ինչը չի կարող աննկատ մնալ», — ասված է հայտարարության մեջ։

Այս հայտարարությունից երեք օր առաջ՝ մարտի 21-ին, հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունը հավաքվել էր հեռուստաընկերության նոր մասնաշենքում՝ առանց տարբերվող կարծիք ունեցող հոգաբարձուների։ Հավաքում խորհրդի անդամները քննարկել են ալիքի աշխատակիցների՝ Վասիլ Իվանով-Չիքովանիի, Նինո Զաուտաշվիլիի, Կախա Մելիքիձեի և Գիա Իմնաշվիլիի հարցը. խորհրդի անդամները պահանջել են դատախազության ներգրավումը և վերոնշյալ լրագրողների գործերի հետաքննությունը։

«Մեդիա շահերի պաշտպանության կոալիցիա»-ն, որը միավորում է ԶԼՄ-ների հարցերով աշխատող 17 կազմակերպությունների, «խստորեն դատապարտել է հեռուստաալիքի հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից Հանրայինի լրագրողների նկատմամբ հետապնդումները»։

Աշխատակիցները, որոնց դեմ հոգաբարձուների խորհուրդը դիմել է դատախազություն, իսկ ղեկավարությունը հայտարարել է նրանց պայմանագրերի վերանայման մասին, հատկապես ակտիվ են եղել Վրաստանում սկսված եվրոպամետ բողոքի ակցիաներից հետո. նրանք դժգոհություն են հայտնել «Առաջին ալիք»-ի լրատվական ծառայության աշխատանքից։ Հեռուստաալիքի շենքի դիմաց ամեն օր հավաքվողների կողմից հեռուստաալիքը մեղադրվում է նաև «Վրացական երազանք»-ի կառավարության նկատմամբ կողմնակալ խմբագրական քաղաքականության համար։

2024 թվականի նոյեմբերի 28-ից Վրաստանում շարունակական եվրոպամետ հանրահավաքներ են անցկացվում։ Այդ օրը «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ առաջիկա չորս տարիների ընթացքում օրակարգ չի ներառի ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների բացման հարցը, և դրան հետևեցին անընդմեջ ցույցերը։