Սահմանված տուգանքներն անհամաչափ են. Քուրդովանիձե

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի (GYLA)
նախագահ Նոնա Քուրդովանիձեն ֆեյսբուքում անդրադարձել է բողոքի ակցիաների մասնակից քաղաքացիների նկատմամբ կիրառված զանգվածային տուգանքներին։

Նրա խոսքով՝ 5000 լարի տուգանքի սահմանումն այն պատճառաբանությամբ, որ ճանապարհը անօրինական է փակվել, քանի որ մարդկանց թիվը բավարար չէր` Սահմանադրության խախտում է։

«Նույնիսկ այն դեպքում, երբ օրենքը ձևականորեն խախտվում է, ոչ բռնի վարքագիծը/բողոքը անթույլատրելի է քրեական հետապնդման ենթարկել։

5000 լարի տուգանքը, այսինքն՝ 19 անգամ ավելի, քան նվազագույն կենսապահովման միջոցն է, հավասարեցվում է քրեական պատժի և ակնհայտ անհամաչափ է։

Այս սկզբունքները շատ լավ գիտեն բոլոր դատավորները, և Վարչական իրավախախտումների օրենսգրքի այս անմարդկային պայմաններում էլ նրանք կարող են ելք գտնել և չկիրառել այդ պատիժը», – ֆեյսբուքում գրել է Նոնա Քուրդովանիձեն։

Նոյեմբերի 28-ից Վրաստանում նոր ընտրությունների պահանջով բողոքի զանգվածային ցույցեր են ընթանում։ Քաղաքացիները հաճախ տուգանվում են 5000 լարիով՝ «անօրինական կերպով ճանապարհ փակելու» համար։