«Մենք կարծում ենք, որ պետությունը պետք է կարգավորի Վրաստան գալ ցանկացող Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, մասնավորապես, պետք է անհապաղ սահմանափակի առանց վիզայի մուտքը»,-այս մասին բաց նամակով Վրաստանի խորհրդարանի նախագահին է դիմել Վրաստանի զբոսաշրջության դաշինքը։
Հայտարարության համաձայն՝ հետագա քայլերը պատշաճ պլանավորելու համար անհրաժեշտ է առաջիկա երկու օրերի ընթացքում անցկացնել հանդիպում մասնավոր և հանրային քննարկման ձևաչափով։
«Ռուսաստանի մղած պատերազմն ուղղված է ոչ միայն Ուկրաինայի դեմ, այլև սպառնում է ողջ աշխարհի խաղաղությանը և անվտանգությանը, հատկապես նրա հարևան երկրներին, որի մի մասը գրավել է։
Ուկրաինայի պատերազմից և Ռուսաստանի մեկուսացումից ստեղծվել է նոր հանգամանք և, միևնույն ժամանակ, սպառնալիք Ռուսաստանի անմիջական հարևանների, մասնավորապես մեր երկրի համար։
Ռուսաստանի մեկուսացումը միջազգային տնտեսությունից հանգեցրել է տեղի բնակչության արտագաղթի։ Նրանք փորձում են փախչել երկրում ստեղծված իրավիճակից։ Ուստի, Վրաստանը մեծ մարտահրավերի առաջ է կանգնել, քանի որ Ռուսաստանից միգրանտների հիմնական հոսքը լինելու է մեր երկիր»,- ասված է հաղորդագրությունում։
Դաշինքի կարծիքով՝ Ուկրաինային բռնակցելու Ռուսաստանի փորձը դատապարտվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից, և դա պետք է արվի.
«Ռուսաստանից մարդկանց զանգվածային արտագաղթի պատճառով, ոչ միայն քաղաքական փախստականների, այլև նրանց, ովքեր աջակցում են պաշտոնական կառավարությանը Վրաստանի օկուպացման և Ուկրաինայի պատերազմի ժամանակ, մենք կարծում ենք, որ պետությունը պետք է կարգավորի Ռուսաստանի քաղաքացիների հոսքը, ովքեր ցանկանում են ներգաղթել Վրաստան»։
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությունն էլ կառավարությանը կոչ է անում վերանայել Ռուսաստանի Դաշնության հետ առանց վիզայի ռեժիմը։
«Գոնե անցումային շրջանում վերանայեք Ռուսաստանի Դաշնության հետ վիզային ռեժիմը և 1 տարվա առանց վիզայի ռեժիմը կրճատեք մինչև 1-3 ամիս», — ասել է կուսակցության փոխնախագահ Նաթիա Մեզվրիշվիլին։
Նշենք, որ այսօր, մարտի 7-ին, ժամը 19։00-ին Վրաստանի խորհրդարանի դիմաց կկայանա հերթական բողոքի ցույցը։ Ցույցի հիմնական պահանջներից է լինելու Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման պահանջը, Ռուսաստանի համար օդային տարածքի փակումը, ռուսական լրատվամիջոցների գործունեության արգելափակումը։