Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերության սեփականատեր Իրակլի Ռուխաձեի խոսքով, Վրաստանի Սահմանադրության մեջ եվրաինտեգրման մասին հիշատակումն «անհեթեթություն» է։ Այդ մասին Ռուխաձեն խոսել է «Իմեդիս շաբաթի» հաղորդաշարի հուլիսի 11-ի եթերում։
Ռուխաձեն ասում է, որ հետազոտության մասնակիցների միայն 2-3 տոկոսն է կարծում, որ Եվրամիությանն անդամակցելը շատ կարևոր է։ Նրա խոսքով, ընդդիմությունը եվրաինտեգրման հարցն օգտագործում է Արևմուտքի աջակցությունը «ֆետիշացնելու» համար:
«Միաժամանակ, դա արդեն հասել է սրբացման մակարդակի, դոգմայի մակարդակի: «Պետք է անենք, որովհետեւ սահմանադրության մեջ է գրված». նախ՝ ինչո՞ւ է դա սահմանադրության մեջ գրված։ Կատարյալ անհեթեթություն է. եթե ինձ հարցնեք, ապա` չպետք է գրվեր: Ի՞նչ կարիք կա նման բաները գրել սահմանադրության մեջ, որը մշտական փաստաթուղթ է… Սահմանադրությունը մի քիչ այլ փաստաթուղթ է»,- ասել է Ռուխաձեն:
Նկատենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իշխանական լրատվամիջոցներով հաճախ է վարկաբեկող հայտարարութուններ անում Վրաստանի եվրատլանտյան նկրտումների առնչությամբ։