
«Սաակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով՝ հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար» — գրել է նախարարը:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գրառում էր կատարել և աջակցություն հայտնել Ադրբեջանին՝ նշելով, որ «Իմ դիրքորոշումը լիովին ակնհայտ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»: