Հունվարի 20-ի գիշերը Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից կրակոցների ձայներ են լսվել: Կրակոցների արդյունքում զոհվել է՝ 5 մարդ և ևս 5-ը՝ վիրավորվել: Կրակ բացողը ևս ինքնասպան է եղել։
Վիրավորվածներից մեկը՝ Վալերի Մաթիաշվիլին հիվանդանոցից տեսազանգով միանալով Formula.ge-ին՝ պատմել է դեպքի մանրամասները․
«Գնացի խանութ, դրսում աղմուկ էր, հանկարծ ահագին մարդ հավաքվեց, գոռացին՝ «պառկիր, պառկիր», և շրջվեցի որ ներս մտնեմ, փամփուշտը դիպչեց ազդրիս…
Առաջին բանը, որ մտածեցի այն էր, որ ներսում աղջիկներ կան, պետք է քաջալերեի նրանց ու ապահով վայր գտնեի, բայց ոչինչ չկարողացա ասել», — պատմում է երիտասարդը։
Նրա խոսքով, ինքը տեսել է, թե ինչպես է դեպքի վայր հասած ոստիկանը վիրավորվել հրազենի գնդակից և ընկել։
Ըստ առկա տեղեկության՝ հարձակվողը նախկին զինծառայող է, ով մի քանի կողմից կրակ է բացել։ Մահացածների թվում կա պարեկային ոստիկանության աշխատակից։ Տուժածներից մեկի վիճակը ծանր է, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Դեպքի վայրում քննչական գործողությունները դեռ շարունակվում են։ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ներկայացուցիչները, դատաբժշկական փորձագետներն աշխատում են ինչպես շենքի հարակից տարածքում, այնպես էլ այն բնակարանում, որտեղ գտնվել է 48-ամյա հարձակվողը։
Պարզվել է, որ հարձակվողը բավականին փակ անձնավորություն է եղել և հարևանների հետ հարաբերություններ չի ունեցել, ապրել է միայնակ և շփվել միայն իր մեկ երեխայի հետ, ով դեպքի պահին տանն է եղել, բայց կարողացել է լքել տարածքը։
ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել երկու հոդվածով. դիտավորությամբ սպանություն՝ ծանրացուցիչ հանգամանքներով և ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք գնել, պահել և կրել։
Վրաստանի Կարմիր խաչի կազմակերպությունից հայտնում են, որ Սագարեջոյում հարձակման հետևանքով զոհվածների թվում կազմակերպության անդամ Զաքարիա Մաթիաշվիլին էր։
Դեպքին արձագանքեց Վրաստանի ներքին գործերի նախարարությունը, ցավակցություն հայտնելով Կախեթիի ոստիկանության Սագարեջոյի շրջանային բաժնի ավագ հետախույզ, 1985 թվականին ծնված ոստիկանության ավագ լեյտենանտ Օթար Գվինաշվիլիի մահվան կապակցությամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ցավակցությունը հայտնեց Սագարեջոյում տեղի ունեցած դեպքի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Ցավակցական ուղերձ հղեց նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սագարեջոյում տեղի ունեցածի առընչությամբ։
Դեպքի առթիվ Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանությունը ևս իր ցակացությունն է հայտնել․ «Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի»։
«Զոհվեցին անմեղ մարդիկ և հերոս ոստիկան»․ խորհրդարանի նախագահն ու Թբիլիսիի քաղաքապետը ևս ցավակցական ուղերձներ հղեցին։