Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի ընտանիքն ահազանգում է մահվան սպառնալիքի մասին։ Թբիլիսիում բանտարկված լրագրողի կինը պնդում է, որ Բաքու տեղափոխվելու դեպքում հնարավոր չի լինի փրկել ամուսնուն։
Թե ինչպես կվարվի «Վրացական երազանք»-ի կառավարությունը, դեռևս անհասկանալի է, բայց փաստ է, որ լրագրողը ձերբակալվել է Բաքվի պահանջով և սպասում է արտահանձնման որոշմանը։ Այս խնդրի կապակցությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) բացահայտ կոչ է արել Վրաստանի իշխանություններին պաշտպանել մարդու իրավունքները և ազատ արձակել լրագրողին։
Հիշեցնենք, որ Աֆգան Սադիգովն ադրբեջանական Azel.Tv լրատվամիջոցի գլխավոր խմբագիրն է։ Նա ձերբակալվել է օգոստոսի 3-ին։ Օգոստոսի 4-ին դատավորը արտահանձնման կալանք է սահմանել նրա նկատմամբ։
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտնել էր, որ Սադիգովի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել սպառնալիքների և գումարի շորթման համար։ Նրա ընտանիքի պնդմամբ` Իլհամ Ալիևի կառավարության հետախուզման հիմքում քաղաքական հետապնդումն է։
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Սադիգովի շահերի պաշտպանության գործով զբաղվում է «Rights Georgia» ՀԿ-ն։
Վաշինգտոնը Թբիլիսիին կոչ է անում ազատ արձակել ադրբեջանցի լրագրողին