Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի անդամ, Մառնեուլիի և Գարդաբանիի մեծամասնական պատգամավոր Զաուր Դարգալին խորհրդարանի այսօրվա նիստի ընթացքում իր ելույթում հարցերով դիմել է փոխվարչապետին ու նախարարներին: Պատգամավորը անդրադարձել է շրջանում ենթակառուցվածքային տեսանկյունից հետագա անելիքներին՝ ընդգծելով առաջնահերթություններից մեկը, այն է՝ Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը.
«Շատ գյուղերում է լուծվել ճանապարհների հարցը: Մառնեուլիում մեկնարկած կարևոր նախագծերից է Սադախլո-Աղքյորփիի ճանապարհի վերանորոգումը, որը դադարեցվել է և ինձ հետաքրքիր է, թե երբ կշարունակվի այս կարևոր նախագիծը: Այս գյուղը բարձրլեռնային է և ձմեռվա շրջանում խնդիրներ են առաջանում Մառնեուլի կամ այլ քաղաքներ հասնելու հարցում»,- ասել է Դարգալին Մառնեուլիի ռադիոկայանի հետ զրույցում:
Դարգալին ընդգծել է, որ իր հարցերի պատասխանները ստացել է, նաև քննարկումներ են եղել նիստից դուրս:
Հիշեցենք՝ թեև նախորդ տարի ավելի քան 20 կմ երկարությամբ ճանապարհի ավելի քան 6 կմ հատվածը հիմնանորոգվել էր, մնացած հատվածը շարունակում է գրեթե անանցանելի վիճակում մնալ: