Վրաստանյան «Սաբուրթալոն» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակներում իր հարկի տակ այսօր կխաղա «Արարատ-Արմենիայի» հետ:
Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտարարություն է գրված, ըստ որի՝ դեսպանության աշխատակիցը ժամը 18։30-ից սկսած գտնվելու է մարզադաշտի մուտքի մոտ և Հայաստանի չեմպիոնին աջակցելու համար ժամանած բոլոր երկրպագուներին անվճար տրամադրելու է խաղի տոմսեր և Արարատ-Արմենիա գրությամբ շապիկներ։
Դեսպանատան մամուլի պատասխանատու Հարություն Հայրապետյանն Ալիքի հետ զրույցում ասաց, որ անվճար տոմսերն ու վերնաշապիկները տրամադրել է ֆուտբոլային թիմի երկրպագուների ակումբը: Հարություն Հայրապետյանն ասաց, որ քանակի խնդիր չկա, շապիկներն ու տոմսերը կհերիքեն բոլոր երկրպագուներին, կոչ արեց բոլորին՝ ժամը 20:00 -ին ներկա լինել խաղին․ «մեր չեմպիոնն այսօրվա վճռական խաղում ունի բոլորի աջակցության կարիքը»:
Հիշեցնենք՝ թիմերի միջև առաջին խաղը օգոստոսի 6-ին Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ «Սաբուրթալոյի»:
Ֆուտբոլային թիմի հայաստանյան երկրպագուներն արդեն Թբիլիսիում են:
«Արարատ-Արմենիա» ՖԱ-ի պաշտոնական ֆան ակումբը, Red Eagles Fan Club-ի հետ համատեղ «Սաբուրթալո» — «Արարատ-Արմենիա» խաղից առաջ կազմակերպում է երթ դեպի մարզադաշտ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Երթը մեկնարկելու է ժամը 18:00-ին Դելիսի մետրոյի կայարանին հարող տարածքից: