Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ մոտ ամիսների ընթացքում՝ մինչև 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները: Այս մասին նա հայտարարել է «Ռուսթավի 2»-ից հեռացած լրագրողների կողմից ստեղծված «Մթավարի արխի»-ի եթերում:
«Մոտ ամիսներին ես մտադիր եմ Վրաստան վերադառնալ: Թաքցնելու բան չունեմ: Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք կորցնում ենք հայրենիքը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի կողմից Ուկրաինայում հիմնած կուսակցության մասին «Մթավարի արխի»-ի հիմնադիր Նիկա Գվարամիայի հարցին ի պատասխան նախկին նախագահն ասել է, չի կարողանա զբաղվել այլ հարցերով մինչև չկասեցնի երկրի ավերումը:
Սաակաշվիլին վստահեցրել է, որ մտադիր է «վերջ տալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությանը», ինչն անելու է վրաց ժողովրդի հետ միասին:
«Կձերբակալեն ինձ, թե ոչ, դա կախված է վրաց ժողովրդից: Ես չվախեցա բանտից Ուկրաինայում, չեմ վախենա նաև իմ երկրում: Նրանք այնքան թույլ են, որ վրաց ժողովրդի դեմ դուրս չեն գա»,- ասել է Սաակաշվիլին: