Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում պատերազմի սկսման մասին գիտեր և այդ պատճառով էլ եկել է Վրաստան։
Ըստ Մդինարաձեի, այն վարկածը, որ Սաակաշվիլին «ինչ-որ բան նախորոք է իմացել», հաստատվում է նաև այն փաստով, որ նա Վրաստան ՏԻՄ ընտրությունների շրջանում եկավ, «չհամարձակվեց» գալ ավելի կարևոր պահի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։
«Անձամբ ես համոզված եմ, որ նա որոշակի ակնկալիքներ ուներ, թե ինչ է կատարվելու Ուկրաինայում, այդ պատճառով էլ եկավ Ուկրաինայից, որպեսզի Վրաստանում անկարգություններ հրահրի։ Նրա աջակցությամբ Վրաստանում անկարգությունները կարող էին վերածվել մի բանի, որից այսօր խուսափել ենք ու թույլ չենք տվել։ Մեր երկիրը չի ներքաշվի պատերազմի մեջ, թույլ չի տա սպանել իր քաղաքացիներին և թույլ չի տա անուղղելի ու աղետալի վնաս հասցնել», — ասել է Մդինարաձեն։
Նշենք, որ մարտի 21-ին իր գործով հերթական դատավարության ժամանակ Սաակաշվիլին ասել էր, թե մեկուկես ամսից Վրաստանի ներկայիս իշխանությունը պետք է փոխարինվի ազգային համաձայնության կառավարությամբ, որտեղ պետք է լինեն նաև «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ, ինչից հետո պետք է անցկացվեն ազատ արտահերթ ընտրություններ։