Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիներին կոչ է անում մեկնել վրաստանյան հանգստի՝ ռուսների փոխարեն:
Սաակաշվիլին հայտարարել է, որ վրաստանյան զբոսաշրջությունը խթանող արշավ է սկսում՝ կապված Ռուսաստանի արգելքի որոշման հետ:
«Ուղղակի ուզում եմ դիմել ուկրաինացիներին: Եղբայր ուկրաինացիներ, մեկնեք հանգստի՝ Վրաստան», — «112 Ուկրաինա» հեռուստաընկերության եթերում ասել է Սաակաշվիլին: Նախկին նախագահը խոստացել է ուկրաինական ավիաընկերությունների հետ բանակցություններ սկսել, որպեսզի նրանք նվազեցնեն շրջագայությունների և տոմսերի «անմարդկային» գները:
Ավելի վաղ՝ վրաստանյան օգտատերերը «Հանգստացի՛ր Վրաստանում» խորագրով արշավ են հայտարարել: Միացել են վրաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր իրենց հայրենակիցներին կոչ են արել հանգիստն անցկացնել հայրենիքում, իսկ այլ երկրների զբոսաշրջիկներին հրավիրել են Վրաստան:
#SummerInGeorgia հեշթեգով այլ երկրներում վրաստանյան դիվանագիտական ներկայացուցիչները սկսել են սոցցանցերում Վրաստանի մասին հեղինակավոր տեսանյութեր ու հոդվածներ տեղադրել:
Նախորդ տարի ռուսները, առաջին անգամ 12 տարվա մեջ, եղան Վրաստանի ամենամեծ թվով զբոսաշրջիկները: Այս տարվա հունվար -մայիս ամիսներին երկիր է այցելել 540 հազար ՌԴ քաղաքացի: