Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում արձագանքել է Ռուսաստանում հունիսի 24-ի ռազմական հեղաշրջման փորձին։
«Ռուսաստանյան վերջին իրադարձությունները զգալիորեն թուլացրին Պուտինին` Ուկրաինային ավելի մոտեցնելով պատերազմում հաղթանակին»,- վրացերեն ու ուկրաիներեն գրառման մեջ ընդգծել է Միխայիլ Սաակաշվիլին։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Պրիգոժինը հայտարարել էր, որ իրականում պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։
Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ մարզում «օպերատիվ մարտական գործողություններ» են ընթանում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։
Ավելի ուշ՝ հունիսի 24-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագների» առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։