«Վիվամեդ» կլինիկայի տնօրեն Զուրաբ Չխաիձեն արձագանքել է Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող և նույն կլինկայում բուժվող Միխեիլ Սաակաշվիլիի ուշագնացության մասին հայտարարությանը և նշել, որ երրորդ նախագահն արտաքին ոչ մի վնասվածք չունի։
Ըստ նրա՝ Սաակաշվիլիի պալատում երկաթե սեղան չկա։ Մասնավորապես, Չխաիձեն արձագանքել է Սաակաշվիլիի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ երրորդ նախագահը պնդում է, թե մայիսի 3-ին հազիվ է փրկվել մահից, քանի որ ընկել է ու գլուխը խփել երկաթե սեղանին։
Այս առնչությամբ այսօր՝ մայիսի 4-ին, Չխաիձեն լրագրողներին ասել է, որ Սաակաշվիլիի հիվանդասենյակում երկաթե սեղան չկա։ Բժշկական անձնակազմը ևս չի հաստատում Սաակաշվիլիի ուշագնացության մասին արված հայտարարությունը։ Նրանք նույնպես պնդում են, որ արտաքին զննությամբ երրորդ նախագահի մոտ վնասվածք չի հայտնաբերվել:
Երրորդ նախագահի փաստաբան Շալվա Խաճապուրիձեն արձագանքել է «Վիվամեդ»-ի կլինիկայի տնօրենի հայտարարությանը։ Նա լրագրողներին ասել է, որ Չխաիձեն ստում է ծայրեծայր, և որ երկաթե խողովակներից պատրաստված սեղանը Սաակաշվիլիի հիվանդասենյակում է դրված առաջին իսկ օրվանից:
Փաստաբանը մտադիր է պահանջել «Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիի հիվանդասենյակում տեղադրված տեսախցիկներով երեկվա նկարահանած գիտակցության կորստին առնչվող տեսագրությունները։