Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ հայրենիք կվերադառնա` տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններին ընդառաջ:
Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքը չի վախենում ձերբակալությունից եւ մտադիր է վերջ դնել «վրեժխնդրության շրջանակում քայլելուն»: Նա վստահ է, որ «վրաց ժողովուրդն ինքն իրեն կազատի և իրեն նույնպես կազատագրի»:
Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին վրացական բանտում հարմարավետ կզգա` փողկապների հավաքածուով: 2008-ի օգոստոսին` «հնգօրյա պատերազմի» ժամանակ, կադրերը, որոնցում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նյարդայնորեն կրծում է փողկապը` հեռախոսով խոսելիս, շրջեցին աշխարհով մեկ և բուռն քննարկումների առարկա դարձան` սոցիալական ցանցերում:
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013 թվականի նոյեմբերին և մինչև այժմ հայրենիք չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ է: 2015 -ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի է` Ուկրաինայի քաղաքացի է:
Իշխող թիմը շտապել է մեկնաբանել Սաակաշվիլիի այցի մասին հայտարարությունը: Խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկիի խոսքով՝ Սաակաշվիլին ելույթը սկսել է եվրոպական արժեքների մասին խոսելով եւ ավարտել այն «ավազակի պես, ով ցանկանում է ուրիշի փողերը վերցնել»:
Իսկ «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ Սաակաշվիլիի հայտարարությունը «նվեր է ընտրությունների համար», որը կարող է ձայների մոտ 7% -ը բերել իշխող կուսակցությանը: Կոբախիձեի հաշվարկով` սա Սաակաշվիլիի վերադարձի մասին թվով 7-րդ հայտարարությունն է, և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ չի իրականանա:
«Սպասում ենք, սպասում, թող գա»` սա էլ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի արձագանքն է: Հարցին` ինչ կլինի, եթե Սաակաշվիլին գա Վրաստան, Կալաձեն պատասխանել է, որ «արդարություն կլինի»:
Հիշեցնենք` Վրաստանը հոկտեմբերի 2-ին ՏԻՄ է ընտրելու: