Վրաստանի նախկին նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իր դատական նիստին մասնակցել է հեռավար ռեժիմով։ Հայտարարություն անելու ժամանակ նա ոտքի է կանգնել և ցուցադրել իր ֆիզիկական վիճակը։
«Դուք պետք է ներողություն խնդրեք Եվրախորհրդարանից, իմ ընտանիքից, ինձանից, Ուկրաինայից, որի քաղաքացուն հասցրել եք այս վիճակին, և բոլոր վրացիներից՝ վրացական պետության հիմնադրին այս վիճակի մեջ դնելու համար»,- ասել է Սաակաշվիլին։
Նրա խոսքով՝ Ուկրաինային ու Վրաստանին դավաճանողները պետք է պատժվեն ամենախիստ պատժամիջոցներով։
«Իմ ներկայությունն այստեղ Պուտինի դավադրությունն է Իվանիշվիլիի և նրա տեղական հրոսակների հետ միասին։ Սա դավադրություն է Վրաստանի և Ուկրաինայի դեմ։ Ես չեմ վախեցել վարդերի հեղափոխության ժամանակ, չեմ վախեցել 2008-ի պատերազմի ժամանակ, ես մնացի Թբիլիսիում, ես փրկեցի Վրաստանը և Քարթլիի պետականությունը, չվախեցա նույնիսկ 2021 թվականին, երբ Վրաստանը խեղդվում էր, և վերադարձա նույնիսկ այդ իրավիճակում»,- ասել է Սաակաշվիլին։