Վրաստանի Պետական անվտանգության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին և ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին պատրաստվում են չեզոքացնել Վրաստանի նախկին վարչապետ, իշխող կուսակցության հիմնադիր-ղեկավար Բիձինա Իվանիշվիլիին:
ՊԱԾ-ի նախկին պաշտոնյայի խոսքով, նրանք ֆինանսավորում են Ահմեդ Չատաևի ահաբեկչական խմբավորումը, որի միջոցով էլ ծրագրում են Իվանիշվիլիի չեզոքացումը:
«Չատաևը ուղիղ կապի մեջ է «Միացյալ ազգային շարժման» հետ, ֆինանսավորվում էր Վանո Մերաբիշվիլիի և Միխեիլ Սաակաշվիլիի կողմից: Նրանք այս խմբավորումը ստեղծել են՝ ցանկացած խնդիր հանուն անձնական շահերի լուծելու համար, լինի դա քաղաքական կամ որևէ այլ հակառակորդ։ Միշան և Վանոն որոշակի տեղեկություն ունեին, որ «Վրացական երազանք»-ը նախընտրական լուրջ ռեսուրս էր հավաքում՝ բնակչության տեսքով, պատրաստվում էին նրան չեզոքացնել Ախմետայի շրջանում: Սա հաստատ կանեին այդ գաղտնի խմբավորման միջոցով»,- «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Գոգաշվիլին:
Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալ Սոսո Գոգաշվիլին պնդում է, որ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական խմբավորման մեջքին ևս կանգնած է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։