Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, Հանրային պաշտպանի գրասենյակի բժիշկների խորհուրդը պատրաստ է այցելել Սաակաշվիլիին, և ինքը դիմել է հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին՝ հեշտացնելու համար այդ գործընթացը։
«Վերջին օրերին իմ առողջական վիճակը կրկին վատացել է։ Երբ հանդիպեցի հանրային պաշտպան Լևան Իոսելիանիին, պայմանավորվեցինք, որ նրա գրասենյակի բարձրակարգ մասնագետներով համալրված խորհուրդը կայցելի ինձ։ Արդեն մի քանի օր է խնդրում եմ, որ բժիշկների խորհուրդը գա կլինիկա. որքան գիտեմ` նրանք պատրաստ են։
Խնդրում եմ հանրային պաշտպանին` նպաստել այս գործընթացին, այս բժիշկների խորհրդի այցը կարևոր է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ կառավարությունը համառորեն թույլ չի տալիս երկիր մտնել ԵՄ բժիշկներին»,- Facebook-ում գրել է Միխեիլ Սաակաշվիլին։